Եթե Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման արդյունքում փաստաթուղթ լինի, կտեղեկացնենք. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
Մինչ եռակողմ հանդիպումը ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի- Sputnik. Եթե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում փաստաթղթեր ստորագրվեն, Կրեմլը կտեղեկացնի։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ձեզ կտեղեկացնենք, եթե համաձայնեցվեն փաստաթղթերը», - ասել է Պեսկովը։
Արդեն հաղորդել ենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր եռակողմ հանդիպում կանցկացնեն Սոչիում։
Մինչ եռակողմ հանդիպումը այս պահին Սոչիում ընթանում է Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպումը։
Փաշինյանի հետ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն են մեկնել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և այլ պաշտոնյաներ։
Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 26-ին Փաշինյանը հայտնել էր, որ հաստատել է իր մասնակցությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը։
Նախորդ նույն ձևաչափով հանդիպումը կայացել էր 2021 թվականի նոյեմբերի 26-ին` Սոչիում։ Կողմերը քննարկել էին 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը: