ԵԽ պատգամավորների փաստահավաք առաքելությունը ժամանում է ՀՀ. նրանք այցելելու են Սյունիք

Առաքելության ներկայացուցիչները ՀՀ–ում են լինելու շուրջ 5 օր` հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ Հայաստան է ժամանում Եվրոպական խորհրդարանից պատգամավորների փաստահավաք առաքելություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի կենտրոնական գրասենյակը։
Նրանք այստեղ են լինելու 2022 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը:
Նշվում է, որ առաքելությունը ՀՀ է ժամանում` ելնելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային հակազդելու և Արցախին պարտադրվող ադրբեջանական մեկուսացումը ճեղքելու հրամայականից, ինչպես նաև արցախյան հակամարտության շարունակական միջազգայնացումն ապահովելու և առհասարակ հայ դատի համակարգի կողմից հայկական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից։
«Նոյեմբերի 2-ին նախատեսված է պատվիրակության այցը Սյունիք, հանդիպում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, այցելություն ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած բնակավայրեր և հանդիպում քաղաքացիական բնակչության հետ։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, Արցախի Հանրապետության պատվիրակության, ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Պատվիրակության կազմում են Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենը, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն և գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգը։
Պատվիրակության անդամներին ուղեկցելու են ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանը և Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։