ԱԻՆ-ի բյուջեն նախորդ տարվա համեմատ ավելացել է 2 միլիարդ 245 միլիոն դրամով

ԱԺ–ում քննարկվում է 2023 թ.–ի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. 2023 թվականին նախատեսվում է Փրկարար ծառայության 15 ենթակա ստորաբաժանումների համար ձեռք բերել 49 հրշեջ մեքենա, որոնց արժեքը կկազմի 3 միլիարդ 740 միլիոն դրամ։ Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:
ԱԻՆ ենթակայության ապաստարանները մաքրվում և կահավորվում են
Արտյուշ Գրիգորյանը նշեց նաև, որ 6 ծրագրի և 14 միջոցառման իրականացման համար 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված է ԱԻՆ–ին հատկացնել շուրջ17 մլրդ դրամ:
«14,5 միլիարդ դրամը կամ 87.9 տոկոսը կազմում է համակարգի աշխատողների աշխատավարձի ֆոնդը, մնացած 2 միլիարդ դրամը կամ 12.1 տոկոսը կազմում են պահպանման ծախսերը»,- նշեց փոխնախարարը:
Ի դեպ`ԱԻՆ-ի բյուջեն նախորդ տարվա համեմատ ավելացել է 2 միլիարդ 245 միլիոն դրամով: Դա, ըստ փոխնախարարի, պայմանավորված է աշխատավարձի բազային դրույքաչափի բարձրացմամբ, տրանսպորտային նյութերի ծախսերի, մեքենաների, սարքավորումների ընթացիկ նորոգման ծախսերի ավելացմամբ։
Մարզերից 6–ում ԱԻՆ–ը կենցաղային բնույթի կանչերը կսպասարկի նոր մեքենաներով
Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր քննարկվում է 2023 թ.–ի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։