ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Սոչիում նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։
Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 26-ին Փաշինյանը հայտնել էր, որ հաստատել է իր մասնակցությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը։
Նախորդ նույն ձևաչափով հանդիպումը կայացել էր 2021 թվականի նոյեմբերի 26-ին` Սոչիում։ Կողմերը քննարկել էին 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը: