ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Լիբանանի նախագահ Միշել Աունը նախագահական լիազորությունների ժամկետի ավարտից մեկ օր շուտ լքել է նախագահական պալատը՝ լուծարելով երկրի կառավարությունը և իր պաշտոնում իրավահաջորդ չթողնելով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով լիբանանյան MTV հեռուստաալիքին։
«Այս առավոտ հրամանագիր եմ ստորագրել կառավարության հրաժարականի մասին՝ իմ լիազորությունների համաձայն, այսօր կարևոր ավարտ է, ոչ թե հրաժեշտ», - ասել է Աունը կողմնակիցներին նախագահական նստավայրից դուրս գալուց հետո։
Նշենք, որ աշնանը Լիբանանի խորհրդարանում տեղի են ունեցել նախագահական ընտրությունների երեք փուլեր, որոնց ընթացքում թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել ստանալ մեծամասնության աջակցությունը՝ խորհրդարանի 128 պատգամավորներից 65-ի ձայները։
Լիբանանի Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահի թեկնածության շուրջ պայմանավորվածության բացակայության դեպքում նրա լիազորությունների ժամկետի ավարտից հետո պետության ղեկավարի գործառույթները ժամանակավորապես անցնում են կառավարությանը։ Սակայն կառավարության գործունեությունը կաթվածահար եղավ նախագահի հրամանագրով այն լուծարելուց հետո՝ վարչապետ Նաջիբ Միկատիի հետ նախարարների թեկնածուների վերաբերյալ կոնսենսուսի բացակայության պատճառով:
Միշել Աունը նախագահ էր ընտրվել 2016 թ. հոկտեմբերի 31-ին։