ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ակտիվ շփումներ է անցկացնում, որպեսզի հասնի նրան, որ Ռուսաստանը վերսկսի իր մասնակցությունն ուկրաինական նավահանգիստներից սննդամթերքի արտահանման «Սևծովյան հացահատիկային նախաձեռնությանը»։ Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը շարունակում է ինտենսիվ շփումներ անցկացնել, որոնց պատճառը Ռուսաստանի ցանկությունն է՝ կասեցնել իր մասնակցությունը «Սևծովյան հացահատիկային նախաձեռնությանը»»,– ասել է նա։
Նրա խոսքով` այդ շփումները նաև ուղղված են Ուկրաինայից սննդամթերքի և պարարտանյութերի արտահանմանն աջակցելու նախաձեռնության վերսկսմանն ու ամբողջական իրականացմանը, ինչպես նաև ռուսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման համար մնացած խոչընդոտների վերացմանը։
Դյուժարիկի պնդմամբ` Գուտերեշը շատ անհանգստացած է «սևծովյան նախաձեռնության» շուրջ շարունակվող իրավիճակով։
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը Ուկրաինայի նավահանգիստներից ապրանքների արտահանմանը Սևաստոպոլի ջրատարածքում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով։
Հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան Կիևը հարձակվել է Սևծովյան նավատորմի և քաղաքացիական նավերի վրա, որոնք Սևաստոպոլի տեղակայման վայրի արտաքին և ներքին ուղերթներ էին իրականացնում: Հարձակման ենթարկված նավերն ու ենթակառուցվածքները օգտագործվել են մարդասիրական երթուղու գործունեության՝ Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանք արտահանելու համար։