ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Հարավային Կովկասի տարածաշրջան ընդլայնված այցի շրջանակում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Հայաստանում կլինի ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔին:
Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը։
Դեսպան ՄըՔիի հետ միասին Հայաստան կայցելի նաև Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին:
Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հետ։ Հանդիպումների քննարկման շրջանակն ընդգրկում է հայ-ամերիկյան հարաբերությունները, ԱՄՆ ՄԶԳ-ի գործակցությունը Հայաստանի հետ՝ ժողովրդավարության և տնտեսական անվտանգության զարգացման տեսանկյունից։
Դեսպան ՄըՔին կհանդիպի նաև մամուլի ներկայացուցիչներին ու ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի շահառուներին, կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելու արարողությանը։