Շանս կա. արևելագետը` տրանսպորտային մեծ նախագծերին Հայաստանի մասնակցության մասին

Արևելագետ Կարինե Գևորգյանը
Հին աշխարհակարգն այսօր սրընթաց փոխվում է, հնարավոր է` այն հնարավորություն տա մեր երկրին նվաճել իր տեղը ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի միջազգային մեծ լոգիստիկ նախագծերին միանալու համար, հատկապես վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռուսաստանցի արևելագետ Կարինե Գևորգյանը։
Արցախյան 44-օրյա պատերազմից և Ուկրաինայում ստեղծված իրավիճակից հետո Հնդկաստանի և Իրանի պաշտոնյաներն առավել ակտիվ են առաջ մղում տրանսպորտային նախագծերում Հայաստանին գործնականում ներգրավելու թեզը։ Ավելին` ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը դեռ նախորդ շաբաթ հստակ հասկացրեց, որ այսօր Հարավային Կովկասում ձևավորվում է հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների` «Հյուսիս-Հարավի» և «Արևելք-Արևմուտքի» խաչմերուկը։ Եվ հենց Հայաստանից է կախված`կընդգրկվի ինքն այդ միջազգային տրանսպորտային հանգույցում, թե ոչ։
Թեպետ լոգիստիկան ամենաառաջնայինը չէ, սակայն հսկայական դեր է խաղում աշխարհաքաղաքական գործընթացներում։ Փորձագետն ասում է, որ այդ առիթով բոլորովին զարմանալի չեն Հայաստանի և Հարավային Կովկասի զարգացումների վերաբերյալ Հնդկաստանի և Իրանի ղեկավար շրջանակների հայտարարությունները։
Մասնավորապես, Նյու Դելիում և Թեհրանում հասկացրին, որ Հայաստանի միջով որևէ էքստերիտորիալ միջանցք չեն հանդուրժի։ Այդ են վկայում նաև սեպտեմբերին Հնդկաստանի արած հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանն ագրեսոր է, ինչպես նաև Իրանի` սահմանին մոտ Պահապանների կորպուսի 45 հազար զինված մարդ կանգնեցնելը։
Գևորգյանը պարզաբանեց, որ Իրանն ուզում է վտանգից պաշտպանել սեփական հյուսիս–արևմտյան սահմանները, քանի որ տարածաշրջանում միայն արտաքին ուժերի ներկայությունն արդեն իսկ բավարար է մտահոգվելու համար։ Բացի այդ, Իրանն ու Հնդկաստանը բավական սթափ են և ադեկվատ են գնահատում համաշխարհային միտումները ու լոգիստիկ կապերի դիվերսիֆիկացման կարևորությունը։
«Արդեն իսկ հասկանալի է, որ այն, ինչ կստեղծվի աշխարհակարգի նախկին պարադիգմի փլուզումից հետո, աղետալի կլինի նույնիսկ ԱՄՆ–ի համար` նրա գերիշխանության, այլ ոչ թե որպես ազգային պետության», – ասաց Գևորգյանը։
Այդ համատեքստում ամենավատ վիճակում է հայտնվում Չինաստանը, քանի որ նրա սրընթաց զարգացումը տեղի էր ունենում հին պարադիգմի շրջանակում։ Թեպետ Պեկինում չեն ընդունում, որ հին աշխարհակարգը փլուզվում է, սակայն հասկանում են, որ կանգնած են որոշակի վերակառուցման առաջ և պետք է այլ ռելսերի անցում կատարեն։
«Կապերը, որոնք կառուցում էր Չինաստանը զուգահեռ գծերով են ընթանում։ Չինաստանի համար կարևոր էր, որ չինական ապրանքները գնան Եվրոպա և հակառակը։ Սակայն Եվրոպան «փլուզվում է», քանի որ միջոցներ և գումար չի ունենալու ապրանքներ գնելու այն մասշտաբներով, որոնց վրա հույս է դնում Պեկինը», – ասաց Գևորգյանը։
Նա չի բացառում, որ բոլոր այդ կապերը, որոնց մեջ ներդրում է արել Չինաստանը, հնարավոր է չգործեն, ինչը լուրջ կորուստ կլինի Պեկինի համար, չի բացառվում նաև, որ դրանք գործեն ապագայում։
Հիշեցնենք, որ ներկայումս առաջ է մղվում «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի վերաբերյալ միջազգային համաձայնագրի իրագործման գաղափարը։ Այն ստորագրվել էր 2000 թվականի սեպտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում։ Նախագիծը 7.2 հազար կմ երկարությամբ տրանսպորտային միջանցք է ենթադրում, որը Իրանի և Ռուսաստանի միջով պետք է կապ ապահովի բալթյան տարածաշրջանի և Հնդկաստանի միջև։
Միջանցքի տարեկան թողունակությունը 20-30 մլն տոննա է։ Երևանը դեռ 2004 թվականին դարձավ «Հյուսիս–Հարավ» ՄՏՄ-ի համաձայնագրի լիիրավ մասնակից։ Ու թեև երթուղիներից ոչ մեկը Հայաստանի տարածքով չի անցնում, փորձագետներն ու մի շարք պաշտոնյաներ շարունակում են պնդել, որ մեր երկիրը դեռ կարող է միանալ ճանապարհին։
Հայկական «Հյուսիս–Հարավ»–ը առանջնահերթ նախագիծ է «Հյուսիս–Հարավ» ՄՏՄ–ի շրջանակում. ԵԱԶԲ