ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն առաջիկա 4 ամիսների ընթացքում պատրաստ է անհատույց մինչև 500 հազար տոննա հացահատիկ մատակարարել աղքատ երկրներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ գյուղնախարար Դմիտրի Պատրուշևը։
Նա նշել է, որ Ռուսաստանը մատակարարումները կիրականացնի մշտական գործընկերոջ` Թուրքիայի մասնակցությամբ։
«Անդրադառնալով պարենային գործարքի արդյունքներին` պետք է նշել, որ մոտ 3 ամսվա ընթացքում իսկապես աղքատ, կարիքավոր երկրներին, մեր գնահատականներով, մատակարարվել է շուրջ 500 հազար տոննա հացահատիկ», – հավելել է ՌԴ գյուղնախարարը։
Նա նշել է, որ այդ երկրները Ուկրաինայից հացահատիկը գնել են սեփական միջոցներով։
Պատրուշևը հավելել է, որ Ուկրաինայից հացահատիկով բեռնված նավերը մեկնում էին Իտալիա, Իսպանիա, Նիդեռլանդներ, ԵՄ երկրները երբեմն կարիքավոր երկրների փոխարեն ստանում էին բեռի 100%–ը։
«Որոշ բեռների մասով` կանճրակ, եգիպտացորեն, սոյայի հատիկ` ԵՄ–ի մասնաբաժինը 60-100% է։ Այսինքն` բոլորովին այն պետությունները չեն օգտվել, որոնք իրապես պարենի խիստ կարիք ունեն և նախկինում ավանդաբար ուկրաինական արտադրանք էին գնում», – «Ռոսիա 24»-ի եթերում ասել է Պատրուշևը։
Նա նաև փաստել է, որ «պարենային գործարքը, ցավոք, ոչ միայն չի լուծել կարիքավոր երկրների խնդիրը, այլև ինչ-որ առումով սրել այն»։
Հիշեցնենք` Ստամբուլում հուլիսի 22-ին երկու փոխկապակցված փաստաթուղթ է ստորագրվել համաշխարհային շուկաներ պարենի և պարարտանյութերի մատակարարման խնդիրների լուծման վերաբերյալ: Փաստաթղթերը միասնական փաթեթ են ներկայացնում։
Առաջինը` հուշագիրը ՄԱԿ-ի պարտավորությունները համաշխարհային շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման տարբեր սահմանափակումները հանելու վերաբերյալ է։
Երկրորդը հստակեցնում էր ուկրաինական հացահատիկի արտահանման մեխանիզմը սևծովյան նավահանգիստներից։