ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քիչ անց կմեկնարկի «Քաղաքացիայան պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարը:
Այն, ինչպես հայտարարվել էր, փակ է անցկացվելու. լրագրողներին թույլ չի տրվելու շենք մուտք գործել։ ՔՊ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ուղիղ եթեր կապահովեն։
Այս պահին կուսակցության անդամները, պատգամավորներն ու նախարարները ժամանում են համալիր։ Տեղում հսկողություն է իրականացնում ոստիկանությունը։
Ի դեպ`համալիրի տարածքում հնչում է բարձր երաժշտություն։
Հիշեցնենք` ՔՊ-ի համագումարը նախանշված էր սեպտեմբերի 18-ին, սակայն հետաձգվեց՝ պայմանավորված ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակով։
Մամուլն ավելի վաղ գրել էր, որ այդ համագումարի ժամանակ կընտրեն վարչություն, ապա վարչության կազմից՝ նախագահ։ Թեկնածուներն, ըստ շրջանառվող լուրերի, երկուսն են` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնող Տիգրան Ավինյանը։