Փաշինյանն ասաց` ինչ փաստաթղթեր է պատրաստ ստորագրել Սոչիում

ՀՀ վարչապետը նշեց, որ իր առաջարկը դեռ պետք է արժանանա ՌԴ նախագահի հավանությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Սոչիում ստորագրել փաստաթուղթ, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում առանց պայմանների երկարացվի։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության հիմնադիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք, իհարկե, ուզում ենք, որ ռուս խաղաղապահները շարունակեն իրենց գործունեությունը, ես պաշտոնապես ասում եմ` պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթ, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում անվերապահորեն, առանց պայմանների երկարացվի 10, 15, 20 տարով»,–ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ այդ առաջարկով հանդես կգա, բայց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է պաշտպանի այդ առաջարկը։
Չմնալ փլատակների ներքո. Փաշինյանը նշեց` երկիրը նոր տեսության կարիք ունի
ՀՀ վարչապետի խոսքով` իրականության հետ կապ չունեն այն խոսակցությունները, թե կա խաղաղության պայմանագրի երկու ծրագիր` արևմտյան և ռուսական, և հայկական կողմը մերժում է ռուսական առաջարկը։ Նա հաստատեց, սակայն, որ Արցախի հարցում կա ռուսական և արևմտյան ընկալումներ, և ՀՀ-ն համաձայնել է ռուսական ընկալման հետ։
«2021 թվականի հունվարին ՌԴ-ի հետ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այդ պայմանավորվածությունների անկյունաքարային դրույթը եղել է, որ Ռուսաստանը Հայաստանի և ԼՂ-ի անվտանգության երաշխավորն է, և մենք պայմանավորվել ենք այդ սցենարի և պլանի շուրջ։ Այդ պլանը ներկայացվել է ՀՀ-ին 2022 թվականի օգոստոսին»,-ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետն ասաց` պատրաստ է Սոչիում ստորագրել ՌԴ-ի կողմից ներկայացված տասնհինգ կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը․Այսինքն`այդ փաստաթուղթը հիմք ընդունել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: