ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ երկրում անկարգություններն ու ցույցերը դադարել են։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
«Այսօր անկարգությունների վերջին օրն է, այլևս փողոց դուրս մի եկեք», – դիմել է Սալամին Իրանի երիտասարդությանը։
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը մամուլի միջոցով փորձում են ազդել Իրանի երիտասարդության վրա։
Սակայն, ինչպես նշում են արևմտյան ԶԼՄ–ները, մասնավորապես Ֆրանս Պրես գործակալությունը, երկրի որոշ քաղաքներում ցույցերը շարունակվել են` չնայած Պահապանների կորպուսի ղեկավար կոչերի։
Իրանում արդեն մեկ ամսից ավելի է` անկարգությունները շարունակվում են, դրանք սկսվել են սեպտեմբերին Մահսա Ամինիի մահից հետո։ Աղջիկը մահացել էր ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո։ Բողոքի ցույցեր ու անկարգություններ են տեղի ունենում Գիլան, Խուզեսթան, Բելուջիստան և Սիստան նահանգներում, Թեհրանում և Քրդստանում։