Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՔՊ–ի առաջիկա 3 հիմնական անելիքները

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջնային խնդիր է բանակում ծառայության գրավչության հեղինակության շարունակական բարձացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. 2021-26 թթ համար «Քաղաքացիայան պայմանագիր» կուսակցության ծրագրի նախագծում միջնաժամկետ իրականացնելու 3 հիմնական անելիք կա։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ այս մասին հայտարարեց կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Առաջինը` համապարփակ և տևական խաղաղության հաստատում` համաձայն ծրագրում հաստատված սկզբունքների։ Երկրորդ` բարձրորակ և հասանելի կրթական համակարգի ձևավորում` համաձայն «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» պետական օրենքի։ Երրորդ` պրոֆեսիոնալ և մարտունակ բանակի ստեղծում` համաձայն կառավարության 2021-26 թվականների ծրագրերի»,–ասաց Փաշինյանը։
Ըստ այդմ, նրա խոսքով, առաջնային խնդիրներն են բանակում ծառայության գրավչության հեղինակության շարունակական բարձացումը, զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների էական բարելավումը, զինծառայության նոր ստանդարտների և որակական չափանիշների պահանջը, բանակի տեխնոլոգիականացումը, ռազմական կրթության արդիականացումը, այդ թվում` միջազգային լայն համագործակցության միջոցով ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը։
Փաշինյանը հավելեց, որ խաղաղության հասնելու համար 2 խնդիր պետք է լուծեն` ի կատար ածեն 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի բոլոր դրույթները, և որոշակի հանգրվանի հասցնեն ԼՂ խնդիրը։
Հիշեցնենք` ՔՊ-ի համագումարը նախանշված էր սեպտեմբերի 18-ին, սակայն հետաձգվեց՝ պայմանավորված ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակով։
Մամուլն ավելի վաղ գրել էր, որ այդ համագումարի ժամանակ կընտրեն վարչություն, ապա վարչության կազմից՝ նախագահ։ Թեկնածուներն, ըստ շրջանառվող լուրերի, երկուսն են` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնող Տիգրան Ավինյանը։