ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ որդեգրում է նոր տեսլական։ Մարզահամերգային համալիրում կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Եթե նախկինում առաջնահերթություն էր դիտարկվում ԼՂ կարգավիճակը, որը պետք է դառնա արցախահայության իրավունքների և անվտանգության երաշխիքը, այժմ առաջնահերթություն են դիտվում արցախահայության անվտանգությունն ու իրավունքները, որոնց երաշխիքների համակարգից է բխում անհրաժեշտ կարգավիճակը։ Այդ համակարգը պետք է երաշխավորի, որ ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց հայրենիքում, իրենց համարեն հայ, ղարաբաղցի, արցախցի»,–ասաց Ռուբինյանը։
Նա հավելեց, թե ԼՂ հարցի կարգավորման որևէ ծրագրի իրագործում անհնար է պատկերացնել առանց Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության։
Ռուբինյանը նշեց, թե ԼՂ հիմնախնդրի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների չկարգավորված լինելը մշտական սպառնալիքի աղբյուր են ՀՀ անվտանգության համար։ Այդ սպառնալիքները պետք է կառավարել և վերացնել։
Նրա խոսքով` ՀՀ-ի և ԼՂՀ–ի անվտանգության ապահովման միջոցը համակեցության` միմյանց գոյության չբացառման բանաձևի մշակումն է տարածաշրջանի բոլոր երկրների` Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի ու Վրաստանի հետ։