ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ խաղաղության ընդհանուր փաստաթուղթ չի ստորագրվի։ «Քաղաքացիայան պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարից առաջ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կհանդիպեն Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի ղեկավարները։
«Իմ կարծիքով` հնարավոր է` պայմանավորվածություն ձեռք բերվի, գուցե ինչ–որ այլ փաստաթուղթ ստորագրվի, բայց ինչքան գիտեմ`խաղաղության փաստաթուղթն այդ ժամանակ չի ստորագրվելու»,–ասաց Սուքիասյանը։
Ինչ վերաբերում է ԼՂ հարցի լուծմանը, ապա իշխանական պատգամավորը նշում է, որ մամուլից տեղեկացել է` ռուսական տարբերակը ԼՂ հարցում այլ է, արևմտյանը` այլ։
«Արևմտյանը ենթադրում է մշակութային ինքնուրույնություն, իսկ ՌԴ դեպքում ղարաբաղյան հարցում կա մոտեցում, որ այդ ամենն ընթացքում է, այսինքն` ստատուս քվո պետք է լինի և քննարկումներ։ Մամուլից լսել եմ, որ ռուսական տարբերակն է առաջնային համարվել»,–նշեց ՔՊ–ական պատգամավորը։
Նկատառմանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս ակնարկել էր, որ ՀՀ իշխանությունները ԼՂ հարցի լուծման վաշինգտոնյան տարբերակով են գնում` Սուքիասյանն արձագանքեց` չի լսել, որ Պուտինն ասի` իշխանությունը հակված է վաշինգտոնյան տարբերակին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Քառակողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: