Չմնալ փլատակների ներքո. Փաշինյանը նշեց` երկիրը նոր տեսության կարիք ունի

Նիկոլ Փաշինյան ասաց` պետք է արձանագրել, որ աշխարհի հին հարաբերությունները փլվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Այսօր պետք է արձանագրենք նոր տեսության անհրաժեշտությունը Հայաստանի և ՀՀ պետականության համար։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Քաղաքացիայան պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ այս մասին հայտարարեց կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է արձանագրենք, որ ՀՀ–ն և պետականությունը նոր տեսության կարիք ունեն, քանի որ 30 տարի դարակում դրված տեսությունն այլևս չի կարող գոյություն ունենալ։ Գործող աշխարհակարգերը` աշխարհի հին հարաբերությունները, փլվում են, և մենք չպետք է մնանք փլատակների ներքո։ Պետք է նոր տեսությամբ պետություն կառուցենք»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` այսօր բարձր և հստակ պետք է արձանագրել, որ որևէ պարագայում մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը, մեր սուվերենությունն ու անկախությունը որևէ մեկին չենք զիջի:
Հիշեցնենք` ՔՊ-ի համագումարը նախանշված էր սեպտեմբերի 18-ին, սակայն հետաձգվեց՝ պայմանավորված ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակով։
Մամուլն ավելի վաղ գրել էր, որ այդ համագումարի ժամանակ կընտրեն վարչություն, ապա վարչության կազմից՝ նախագահ։ Թեկնածուներն, ըստ շրջանառվող լուրերի, երկուսն են` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնող Տիգրան Ավինյանը։