ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Կեղծ ժանտախտը, որը, ամենայն հավանականությամբ, Մեծ Բրիտանիայում զոմբի աղավնիների առաջացման պատճառն է, երբեմն գրանցվում է նաև մարդկանց մոտ, սակայն հիվանդությունը թեթև է ընթանում և վտանգ չի ներկայացնում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է Եկատերինբուրգի Վիրուսային վարակների գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սեմյոնովը։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել, որ Բրիտանիայում պարամիքսավիրուսի բռնկում է եղել, որը աղավնիներին զոմբիի է վերածել. թռչունները ծռված պարանոցներով անդադար քայլում են շրջանաձև։
«Նյուքասլի վիրուսը ժամանակ առ ժամանակ գրանցվում է ռիսկային խմբի մարդկանց մոտ, օրինակ` թռչնաֆաբրիկաների աշխատակիցների, որոնք շփում են ունենում հիվանդ թռչնի հետ։ Սակայն մարդկանց զգայունությունն այս վիրուսի նկատմամբ ցածր է։ Այն թեթև է անցնում, ոչ այնպես, ինչպես թռչունների մոտ», – ասել է Սեմյոնովը։
Նա նշել է, որ մարդկանց մոտ վիրուսն ուղեկցվում է սուր շնչառական հիվանդություններին բնորոշ ախտանշաններով, կարող է կոնյուկտիվիտ առաջացնել։ Միևնույն ժամանակ, ըստ մասնագետի, մարդու համար այն այժմ որևէ վտանգ չի ներկայացնում։
Սեմյոնովի խոսքով` Մեծ Բրիտանիայում աղավնիների պարագայում, ամենայն հավանականությամբ, Նյուքասլի վիրուսն է կամ այսպես կոչված թռչունների կեղծ ժանտախտը։ Թռչնաբուծության մեջ այդ վիրուսը կարանտինային առանձնակի վտանգավոր վարակ է համարվում, որից համաշխարհային թռչնաբուծությանը հասցված վնասը համեմատելի է միայն բարձր ախտածին թռչնագրիպի հետ։ Սեմյոնովը պարզաբանել է, որ վարակված թռչունների թվում անկումը հասնում է 30%–ի։