Ընդդիմությունն Արցախի հանրահավաքից հետո կներկայացնի առաջիկա պայքարի մեթոդները. Սաղաթելյան

Պատգամավորը վստահեցրեց` իրենց պայքարը կանգ չի առել և իրենք ամեն ինչ անելու են երկիրը ստեղծված իրավիճակից դուրս հանելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ընդդիմությունն Արցախում հոկտեմբերի 30-ին կայանալիք հանրահավաքից հետո կներկայացնի առաջիկա անելիքներն ու պայքարի մեթոդները։ Այս մասին «Լազարյան ակումբի» նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մշտապես և վերջին օրերին էլ ասել ենք, որ մեր պայքարը որևէ կերպ կանգ չի առել և չի կանգնելու։ Արցախի հանրահավաքից հետո անմիջապես մենք կարձագանքենք, կներկայացնենք առաջիկա պայքարի այն մեթոդներն ու ձևերը, որ մենք պատկերացնում ենք։ Այս պահին վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու ենք»,– նշեց Սաղաթելյանը։
Նա ընդգծեց` երկիրը ստեղծված իրավիճակից հանելու, նոր կապիտուլյացիան կանխելու միակ ճանապարհը համահայկական ու համաժողովրդական ընդվզման նոր ալիք բարձրացնելն է։
«Դիմադրություն» շարժումը կշարունակի պայքարել Հայաստանում իշխանափոխության համար. Սաղաթելյան
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Արցախի խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ և հանրահավաք` նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային։
ԱԺ նիստին ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միաժամանակ հրավիրված հանրահավաքի ժամանակ։