Ուկրաինայի ԱԳ նախարարը Իրանից պահանջել է դադարեցնել զենքի մատակարարումը ՌԴ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան. Արխիվային լուսանկար
Դմիտրի Կուլեբան իր Twitter–յան էջում գրել է, որ զենքը ՌԴ օգտագործում է խաղաղ բնակիչներին սպանելու և Ուկրաինայում ենթակառուցվածքները ոչնչացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Իրանից պահանջել է անմիջապես դադարեցնել զենքի մատակարարումը Ռուսաստան։ Այս մասին նա գրել է իր Twitter–յան էջում։
«Այսօր ինձ զանգահարեց Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Զրույցի ընթացքում ես Իրանից պահանջեցի անհապաղ դադարեցնել զենքի մատակարարումը Ռուսաստան, որն օգտագործվում է խաղաղ բնակիչներին սպանելու և Ուկրաինայում ենթակառուցվածքները ոչնչացնելու համար»,– գրել է նա։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հերքել էր ամերիկյան մամուլի տեղեկությունները Ուկրաինայում ընթացող մարտական գործողություններում կիրառելու նպատակով ռուսական կողմին իրանական սպառազինության մատակարարման վերաբերյալ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին հայտարարել էր, որ Իրանից մարտական անօդաչուներ ձեռք բերելու թեման ամերիկյան ԶԼՄ-ներում արհեստականորեն է բորբոքվում։