ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ Թուրքական Baykar ընկերությունը, որը Bayraktar TB2 անօդաչուներ է թողարկում, մտադիր է երկու տարվա ընթացքում ավարտին հասցնել Ուկրաինայում անօդաչուների արտադրության գործարանի շինարարությունը։ Այս մասին հայտնում է Reuters–ը` հղում անելով ընկերության գլխավոր տնօրեն Հալյուք Բայրաքթարին։
Նրա խոսքով` ձեռնարկության ճարտարապետական նախագիծն արդեն պատրաստ է։
«Նախագծման փուլն ավարտված է։ Մենք շինարարությունն արագ կիրականացնենք։ Կցանկանայինք ավարտել այն երկու տարվա ընթացքում», – Ստամբուլում կայացած SAHA Expo ցուցահանդեսի ժամանակ ասել է ընկերության ղեկավարը։
Ավելի վաղ` հոկտեմբերին, Բայրաքթարը հայտնել էր, որ ուկրաինական գործարանում ընկերությունը Bayraktar Akinci և Bayraktar TB2 անօդաչուներն է հավաքելու։
Թուրքական անօդաչուների արտադրություն հիմնելու Կիևի ծրագրերի մասին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել էր փետրվարին։