ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։
Ինչպես նշել է Շոյգուն` մասնակի զորահավաքին ուղղված միջոցառումներն ավարտվել են։ Նրա խոսքով` 300 հազար մարդու մասնակի զորահավաքի խնդիրը կատարվել է, որևէ լրացուցիչ առաջադրանքներ չեն նախատեսվում։
«Զինկոմիսարիատները ռազմական հատուկ գործողության շրջանակում կշարունակեն զորքերի համալրման միջոցառումները միայն կամավորներին և պայմանագրային զինծառայության թեկնածուներին ընդունելու հաշվին», – ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը։
Շոյգուն տեղեկացրել է, որ մասնակի զորահավաքի շրջանակում կանչվածների միջին տարիքը 35 է։ Զորավարժարաններում և մարտական ուսուցման գործընթացում է 218 հազար զորակոչված։ Մասնավորապես` զորակոչվել է գործադիր իշխանության մարմինների 1300 աշխատակից։
Նախարարը զեկուցել է, որ զորավարժություններից հետո 82 հազար մարդ արդեն իսկ գործող բանակի կազմում են։
Ինչպես նշել է Շոյգուն, սկզբում խնդիրներ կային զորակոչվածներին անհրաժեշտ իրերով ապահովելու հետ, այժմ այդ խնդիրը լուծված է։
Ռուսաստանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակի զորահավաքի ժամանակ համալրել են ԶՈւ–ի շարքերը։
«Շնորհակալություն պարտքին հավատարիմ լինելու և հայրենասիրության համար», – ասել է Պուտինը։
Նրա խոսքով` հատուկ գործողությունների անցկացման փորձից ելնելով, պարզ է, որ ԶՈւ բոլոր բաղադրիչների շտկման անհրաժեշտություն կա։
Ինչպես նշել է Պուտինը, անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի ԶՈւ-ի զարգացումը կատարելագործելուն ուղղված հանձնարարությունները իրականացվեն սեղմ ժամկետներում։ Նա նշել է նաև զինկոմիսարիատների աշխատանքային ողջ համակարգի արդիականացման կարևորությունը։
ՌԴ նախագահի խոսքով` սխալներն անխուսափելի էին, քանի որ վաղուց զորահավաք չէր իրականացվել։
ՌԴ նախագահի հրամանագրով սեպտեմբերի 21-ից մասնակի զորահավաք էր հայտարարվել։ Ընդհանուր առմամբ զորակոչվելու էր 300 հազար պահեստազորային. դա ՌԴ մոբիլիզացիոն ռեսուրսի 1%-ն է։