ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ԱՊՀ տարածքում փոխգործակցությունը զարգանում է, չնայած համաշխարհային տնտեսության պատժամիջոցներին ու բարդություններին, Ռուսաստանը գործընկեր ԱՊՀ մասնակից երկրների համար հուսալի դաշնակից է մնում, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Աստանայում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում:
«Մենք ուշադիր ու հարգանքով ենք վերաբերվում մոտ հարևանների շահերին», - ասել է Միշուստինը:
Նա նշել է, որ այժմ համաշխարհային տնտեսական համակարգը բարդ ժամանակներ է ապրում, և դրա պատճառը հավաքական Արևմուտքի ձգտումն է օգտագործել պրոտեկցիոնիստական միջոցներն ու միակողմանի ոչ լեգիտիմ պատժամիջոցները, այդ թվում՝ Ռուսաստանի ու Բելառուսի դեմ:
ՌԴ վարչապետը հիշեցրել է, որ անցյալ տարի ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 30 տոկոսով, արտահանումն աճել է գրեթե մեկ քառորդով և գերազանցել 65 մլրդ դոլարը, իսկ ներմուծումը՝ նույնպես աճել է 25 տոկոսով ու կազմել է գրեթե 32 մլրդ դոլար: Միշուստինը ասել է, որ լավ դինամիկա է նկատվում նաև այս տարի. յոթ ամսվա արդյունքներով ԱՊՀ անդամների հետ ռուսական արտաքին առևտրաշրջանառությունն աճել է ևս գրեթե վեց տոկոսով։
Նրա խոսքով`ԱՊՀ մասնակից երկրների տնտեսություններում ընդհանուր առմամբ դրական ցուցանիշներ են նկատվում։ Դա վերաբերում է արդյունաբերական արտադրանքին, բեռնափոխադրումների ծավալին, հիմնական ներդրումներին։