ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով՝ 2022 թվականի 10 ամիսների ընթացքում նախաձեռնվել է 35 քրեական վարույթ, որից 15-ը՝ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի կողմից: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության մամուլի ծառայությունը։
«Ծառայության կողմից առողջապահության ոլորտում իրականացված վերահսկողական գործառույթների շրջանակներում տարեսկզբից ի վեր պետական բյուջե է վերականգնվել մոտ 130 միլիոն դրամ, իսկ քաղաքացիներին է վերադարձվել՝ 13,6 միլիոն դրամ գումար»,– ասված է հաղորդագրությունում:
Ընթացքի մեջ են մոտ 80 վերահսկողական գործընթացներ` 20 ուսումնասիրություն և շուրջ 6 տասնյակ մշտադիտարկումներ:
Այս պահին վերահսկողական գործողություններ են իրականացվում ՀՀ արտաքին գործերի, աԱռողջապահության, էկոնոմիկայի, պաշտպանության նախարարություններում, մի շարք ԲՈՒՀ-երում, առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունում, ինչպես նաև հանդիպակաց ուսումնասիրություն է իրականացվում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմանններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 10 խոշորագույն բժշկական հաստատություններում, ինչպես նաեւ մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում, «Հայփոստ» ՓԲԸ-ում և այլ մարմիններում։