Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու գործով դատաբժիշկները կեղծ եզրակացություն են տվել. ԳԴ

Գլխավոր դատախազություն
Հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ հերքվել են Պողոսյանի մահվան պատճառների վերաբերյալ փորձագետների կողմից արված հետևությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու գործով դատաբժիշկների կողմից այն ժամանակ ակնհայտ կեղծ եզրակացություն է տրվել, որի փաստով հոկտեմբերի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2001 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում։
Նշվում է, որ այս գործով 2019թ. նոր երևան եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի շրջանակում նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությամբ ստացված տվյալների համաձայն՝ Պողոսյանի դիակի զննությամբ հայտնաբերված մարմնական վնասվածքների մի մասի վերաբերյալ դիակի դատաբժշկական առաջնային փորձաքննություն իրականացրած փորձագետներ Շ.Գ.-ի և Գ.Հ.-ի կողմից չեն արձանագրվել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
«Հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ հերքվել են Պողոսյանի մահվան անմիջական պատճառ հանդիսացած և կյանքի համար վտանգավորության հատկանիշով առողջությանը ծանր վնաս պատճառող մարմնական վնասվածքների առաջացման մեխանիզմի վերաբերյալ վերոնշյալ փորձագետների կողմից արված հետևությունները»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Հայաստանի Հանրապետության դատախազության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի հաղորդման հիման վրա՝ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ( ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության առնչությամբ կեղծ եզրակացություն տալը):