ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Բրատիսլավայի «Տեհելնե» ստադիոնում Երևանի «Փյունիկը» 1։2 հաշվով պարտվեց տեղի «Սլովանին» և հիմա խմբից դուրս գալու համար պարտադիր պետք է հաղթի վերջին խաղում։
Հանդիպման մեկնարկին «Սլովանը» մեծ ճնշում գործադրեց «Փյունիկի» դարպասի ուղղությամբ։ Եղան վտանգավոր ու սպառնալից պահեր մեր թիմի դարպասին, բայց Եղիշե Մելիքյանի թիմը, չնայած որոշակի ծանրաբեռնվածությանը, դիմացավ այդ ճնշմանը։
Չի կարելի ասել, որ հետագայում խաղը հավասարվեց, բայց «Սլովանի» հարձակման տեմպը մի փոքր ընկավ։
«Փյունիկը» պաշտպանվում էր մեծ ուժերով, և առջևի գծում ինչ-որ արդյունք ակնկալելն առաջին կեսում համարյա անհնար էր։ Միայն ընդմիջման գնալուց տասը րոպե առաջ «Փյունիկը» որոշակի ակտիվություն դրսևորեց ու սկսեց ավելի հաճախակի տեղափոխվել մրցակցի կիսադաշտ։
Երկու կողմերն էլ շատ լավ գիտակցում էին խաղի կարևորությունն ու նշանակությունը։ Բայց «Փյունիկի» ֆուտբոլիստների մոտ դա ավելորդ լարվածության պատճառ էր դարձել։
Երկրորդ կեսում Դամե Դիոպը «Փյունիկի» կազմում առաջին դիպուկ հարվածը կատարելով կարող էր բացել խաղի հաշիվը, բայց լավ խաղաց «Սլովանի» դարպասապահը։
Հանդիպման 62-րդ րոպեին «Սլովանի» պաշտպանն ու դարպասապահը սեփական տուգանային հրապարակում անհասկանալի որոշումներ կայացրին, իսկ Դամե Դիոպն իր ակտիվությամբ ստիպեց «Սլովանի» դարպասապահ Ադրիան Խովանին խախտել կանոնները։
Նշանակված 11 մետրանոցը հստակ իրացրեց Եվգենի Կոչուկը։
Թվաց, թե հաղթանակն ու պատմական արդյունքը շատ մոտ են մեր թիմին. մինչև խաղի 84-րդ րոպեն «Փյունիկը» բավականին գրագետ պաշտպանվում էր։ Հասկանալի է, որ «Սլովանը» սպառնալիքներ ստեղծում էր։ Բայց որ մրցակիցը մեկ րոպեի ընթացքում կբեկի խաղի ընթացքն ու հաշիվը, դա վատ երազ էր, որը կատարվեց։
Առաջին գոլի դեպքում մեր պաշտպանները սեփական տուգանային հրապարակում հարվածելու հնարավորություն տվեցին, ու Յուրչենկոն չփրկեց։
Իսկ մի քանի վայրկյան անց Յուրչենկոն ոչ միայն չփրկեց, այլ իր գլխին գոլ բերեց, ու 85-րդ րոպեին «Փյունիկը» հաղթողից վերածվեց պարտվողի։
«Փյունիկը» ստիպված էր գնալ առաջ։ Բայց արդեն ուշ էր։ Մերոնք ցավալի պարտություն կրեցին, ու ամենացավալին, որ մեկ րոպեում:
Հավելենք, որ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում նոյեմբերի 3-ին «Փյունիկը» ընդունելու է շվեյցարական «Բազելին»։
Խմբային փուլի արգելքը հաղթահարելու համար մեր թիմին միայն հաղթանակ է հարկավոր այդ խաղում։