Պարզ ասաց` ընտրությունը ձերն է. Խոսրով Հարությունյանը մեկնաբանեց ԼՂ մասին Պուտինի ելույթը

Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է պայմանավորվել Ադրբեջանի հետ և նրան փոխանցել հինգ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահն իր երեկվա ելույթում Արցախում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը թողեց բացառապես Հայաստանի իշխանությունների ու հայ ժողովրդի վրա։ Այսօր լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այսկերպ մեկնաբանեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
«Պարզ ասաց` ընտրությունը ձերն է։ Դուք ինչ ընտրություն կանեք, մենք ստիպված այդ ընտրության հետ կհամաձայնենք, – ասաց Հարությունյանը,– վերջին հարցով մի բան պարզ է, որ արցախահայության անվտանգությունը, ֆիզիկական գոյությունն այսօր պայմանավորված է ռուսական խաղաղապահների գոյությամբ։ Եվ ակնարկը հենց դրանում էլ կայանում էր, որ եթե հայաստանյան իշխանությունները որոշել են ձեռքերը լվանալ Արցախից, եթե հայ ժողովուրդը գտնում է, որ Արցախն ինչ–որ կարգավիճակով կամ առանց կարգավիճակը պետք է գտնվի Ադրբեջանի կազմում, ապա ես ի՞նչ պետք է անեմ»։
Նախկին վարչապետի դիտարկմամբ` եթե ՀՀ իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո հայտարարում է, որ ռեսուրս չունի Արցախի անվտանգությունն ապահովելու, ապա չի կարող դա պահանջել ուրիշներից` լինի դա ռազմավարական գործընիկեր, թե այլ երկիր կամ կառույց։
Հարությունյանը շեշտեց, որ արցախահայության գոյության որևէ տարբերակ Ադրբջանի կազմում բացառված է, ու դա ապացուցել ու ապացուցում է Ադրբեջանն իր ամենօրյա գործողություններով ու հայատյաց քաղաքականությամբ։
ԱՄՆ–ի տարբերակը ենթադրում է Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչում Ադրբեջանի կազմում․ Պուտին
Գործող իշխանություններին նախկին վարչապետը հիշեցրեց իրենց իսկ նախընտրական խոստումը Արցախի վերաբերյալ` «Անջատում հանուն փրկության» սկզբունքի իրացումը։
«Կներեք, մենք դա չենք տեսնում։ Այդ տողերը գրվել են 44-օրյա պատերքազմից հետո, իսկ հիմա մենք լսում ենք, որ 44-օրյա պատերքազմից հետո Հայաստանը որևէ ռեսուրս չունի»,– արձանագրում է Խոսրով Հարությունյանը։
Հարցին, թե որ տարբերակը կընտրի ՀՀ վարչապետը` վաշինգտոնյա՞ն, թե՞ ռուսական, քաղաքական գործիչը դժվարացավ պատասխանել` հավելով, որ իրադարձությունները շատ արագ են զարգանում կանխատեսումներ անելու համար։
«Մի բան հստակ է, որ Վաշինգտոնը Հարավային Կովկասում լրջագույն դերակատարություն ստանձնելու կուրս է վերցրել։ Վաշինգտոնն ուզում է դառնալ Հարավային Կովկասում գլխավոր մեդիատորը, որը պատրաստ չէ որևէ մեկի հետ իր ազդեցությունը կիսել` ո՛չ Թուրքիայի հետ, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Իրանի հետ»,– ասաց Հարությունյանը` հիշեցնելով, որ ԱՄՆ այս ձգտման իրականացմանը նպաստում է նաև տարածաշրջանում Ռուսքաստանի դիրքերի թուլացումը։
Ըստ նրա` այդ է վկայում անգամ Արցախյան 44-օրյա պատերազմի ելքը, քանի ՌԴ դաշնակիցն, ըստ էության, պարտվեց Թուրքիայի դաշնակցին։
Այս հարցում ևս, ըստ Հարությունյանի, Ռուսաստանը մտածելու բան ունի։
Հիշեցնենք` հոկտեմբերի 27-ին Վալդայ ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է պայմանավորվել Ադրբեջանի հետ և նրան փոխանցել հինգ շրջան, ընդ որում` Ղարաբաղի հետ կապի համար թողնելով երկու ճանապարհ` Քարվաճառի ու Լաչինի, սակայն «հայկական ղեկավարությունը գնացել է իր ճանապարհով»։
Նշենք, որ ավելի վաղ հայաստանյան մամուլում անգլերեն լեզվով փաստաթուղթ էր հրպարակվել, որը ներկայացվում է որպես Վաշինգտոնում պատրաստված ու Պրահայում Փաշինյանի ու Ալիևի հավանությանն արժանացած խաղաղության պայմանագրի ամերիկյան տարբերակ։
Վերջին ամիսներին Արևմուտքը քայլեր է ձեռնարկել աշխարհում իրավիճակի սրման համար. Պուտին
ՀՀ ընդդիմությունը պնդում է, որ սա հենց այն փաստաթուղթն է, որը ՀՀ իշխանություն ը մտադիր է մինչև տարեվերջ ստորագրել։ Ըստ ընդդիմադիրների` խաղաղության պայմանագրի այս տարբերակն ավելի մեծ զիջումներ է պարունակում, քան 2020թ–ի նոյեմբերյան եռակողմ հայտարարությունը։