Մարուքյանը հերքում է, որ կա խաղաղության պայմանագրի վաշինգտոնյան նախագիծ

Էդմոն Մարուքյան. Արխիվային լուսանկար
Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էդմոն Մարուքյանը պաշտոնապես հայտարարել է, որ կա խաղաղ պայմանագրի միայն ռուսական և ադրբեջանական նախագծեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հերքել է, որ արցախյան հարցի խաղաղ կարգավորման համար շրջանառվում է ամերիկյան կամ արևմտյան նախագծեր։
«Պաշտոնապես ասում եմ՝ չկա վաշինգտոնյան նախագիծ, չկա արևմտյան նախագիծ։ Կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ, որը փոխանցվել է հայկական կողմին, որի վրա հայկական կողմը աշխատել է այս ընթացքում, աշխատանքները ավարտված են կարելի է ասել և դրա վերաբերյալ առաջիկա հանդիպմանը կլինի քննարկում»,– ասել է Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։
Հիշեցնենք, որ երեկ «Վալդայ» ակումբի լիագումար նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Հայաստանին առաջարկվող խաղաղության Վաշինգտոնի տարբերակի մասին, ասել է, որ կաջակցի հայ ժողովրդին, եթ վերջինս ընտրի հենց այդ տարբերակը։
Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ այն, ինչի մասին ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է ամբիոնից, միայն հանդիպման ամփոփագիրն է, այլ ոչ թե պայմանագրի նախագիծը։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ կա ադրբեջանական ու ռուսական նախագծեր։
«Ռուսական առաջարկությունների մասով` վարչապետն այսօր ասել է, որ դեռևս սեպտեմբերին հայկական կողմին է ներկայացվել այդ առաջարկությունը, և հայկական կողմը համաձայնել է այդ առաջարկներին»,– նշեց Մարուքյանը։
Հիշեցնենք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հոկտեմբերի 25-ին ԱԺ ամբիոնում ցուցադրաբար պատռել էր մամուլում տարածված անգլերեն այն տեքստը, որը լրատվամիջոցները ներկայացնում են որպես խաղաղության պայմանագրի ամերիկյան տարբերակ։
Խաղաղության միակ ճանապարհը եռակողմ հայտարարության բոլոր դրույթների պահպանումն է. Պուտին
Մարուքյանի խոսքերով` հայկական կողմը հույս ունի, որ Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ ռուսական կողմը կպնդի իր առաջարկները և կհամոզի ադրբեջանական կողմին ընդունել դրանք, որոնք ընդունելի են նաև Հայաստանի համար։
Էդմոն Մարուքյանը հայտարարեց նաև, որ հայկական կողմը մտադրություն ունի Ռուսաստանին առաջարկել 10 տարով երկարաձգել խաղաղապահների ներկայությունը Արցախում. «Ունենք նման գաղափար, ՌԴ–ն կաջակցի՞, կկարողանա՞ համոզել Ադրբեջանին»,-նշեց նա։
Հավելենք, որ հոկտեմբերի 6-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ խաղաղության պայմանագրի կնքման համար ՌԴ համապարփակ առաջարկները փոխանցվել են Հայաստանին և Ադրբեջանին։ Նա նշել էր, որ Ռուսաստանը համալիր աջակցություն է ցուցաբերում երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը` ներառյալ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը:
Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենա Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Նախատեսված է նաև ՀՀ վարչապտի ու ՌԴ նախագահի առանձնազրույցը։