ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում դեկտեմբերի 11-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթից առաջ, սկսած դեկտեմբերի 4-ից Երևանում տարատեսակ միջոցառումներ կանցկացվեն Հայաստան եկած 16 երկրների պատվիրակությունների համար։ Տեղեկությունը այսօր ասուլիսում հայտնեց «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը։
«Մենք հնարավորություն ենք տալու 16 պատվիրակությունների երեխաներին ծանոթանալու Հայաստանի մշակույթին, պատմությանը։ Երեխաներն այցելելու են թանգարաններ, տեսարժան վայրեր։ 10 օր շատ խիտ գրաֆիկ են ունենալու , և այնպես ենք արել, որ փորձերին զուգահեռ, յուրաքանչյուր ազատ ժամն օգտագործեն Հայաստանը բացահայտելու համար»,-ասաց Ծերունյանը։
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում 16 երկրներից ժամանած երեխաները միասին կվառվեն տոնածառի լույսերը։ Այդպես կտրվի «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի բացման արարողության մեկնարկը։
Ծերունյանն ընդգծեց, որ այս տարվա եվրատեսիլյան բեմի կոնցեպտի վրա ամիսներով աշխատել են հայ դիզայներները և նրանց հաջողվել է զարմացնել ու գոհացնել եվրոպացի գործընկերներին։ «Շատ կարևոր էր ունենալ բեմ, որն ազատ ստեղծագործելու հնարավորություն կտա բոլոր պատվիրակություններին, որպեսզի կարողանան իրենց հրաշքը ստեղծել բեմի վրա»,-ասաց նա։
Բացելով փակագծերը` Ծերունյանը նշեց, որ մրցույթի ընթացքում ելույթ կունենա և իր նոր երգը կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող, Հայաստանը ներկայացրած Մալենան։
Բացի այդ, մրցույթի կազմակերպիչները Հայաստան են հրավիրել նախորդ տարիների բոլոր հաղթողներին, քանի որ այս տարի մրցույթի հոբելյանական 20-ամյակն է։ Մասնակիցներից շատերը հաստատել են, որ կգան, մի քանիսի հետ բանակցությունները դեռ շարունակվում են։
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը Երևանը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ։ 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով հաղթեց մրցույթում: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ տեղ նվաճել լավագույն տասնյակում: Փարիզում դեկտեմբերի 19–ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան գրավեց առաջին տեղը։