ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Թվայնացումը, նորարարությունները և նորագույն տեխնոլոգիաները ՀՀ կառավարության կողմից համարվում են արդյունավետ պետական կառավարման համակարգի ստեղծման, բարենպաստ գործարար միջավայրի ապահովման և տնտեսական աճի խթանման կարևորագույն գործիքներ։ ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Վստահ եմ, որ բարձր տեխնոլոգիական նախագծերի հետևողական իրականացումը շոշափելի տնտեսական արդյունք կտա և կնպաստի ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը։ Գիտական ներուժի ինտեգրումը, այս ոլորտում առկա ավանդական կապերի խորացումն ու ընդլայնումը, ԱՊՀ երկրների փոխգործակցությունը գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում կարող են լրացուցիչ խթանի դեր խաղալ տեխնոլոգիական զարգացման ապահովման գործում»,– նշել է Մհեր Գրիգորյանը։
ՀՀ փոխվարչապետը հիշեցրել է, որ ԱՊՀ շրջանակներում գիտատեխնիկական ոլորտում գործում է հիմնարար փաստաթուղթ՝ «Համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր գիտատեխնիկական տարածքի ստեղծման մասին» 1995 թվականի նոյեմբերի 3-ի համաձայնագիրը, ու առաջարկել է գործընկերներին մտածել նոր փաստաթղթի մշակման մասին։
«Այն պետք է հաշվի առնի նոր տեխնոլոգիական մարտահրավերները, ինչպես նաև գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային լավագույն փորձը, ինչը թույլ կտա ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսություններին հասնել նոր մրցակցային մակարդակի»,– նշել է նա:
Մհեր Գրիգորյանի պնդմամբ` այս համատեքստում Հայաստանը աջակցում է ԱՊՀ մասնակից պետությունների գիտատեխնիկական և տեխնոլոգիական համագործակցության հայեցակարգի և դրա իրականացման համար գործողությունների ծրագրի ընդունմանը։
Նա վստահ է, որ այն դրականորեն կազդի համագործակցության շրջանակներում բնակչության աճող սոցիալ-տնտեսական կարիքները բավարարող և ժամանակակից տեխնոլոգիական մարտահրավերներին դիմակայող միջպետական գիտական և տեխնոլոգիական միասնական տարածքի զարգացման վրա: