Հ2-ը մայրաքաղաքային սլոթում չի հեռարձակվի. հեռուստաալիքը 55 միավոր է ստացել

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշումն ուղարկելու է եռօրյա ժամկետում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսօր իրականացրեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը։
78 միավորով հաղթող ճանաչվեց «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն` Առաջին լրատվական ալիքը կվերսկսի հեռարձակումը։ «Հայկական երկրորդ հեռուստալիք» ՍՊԸ-ն ստացավ 55 միավոր։
«Որոշումը կուղարկենք եռօրյա ժամկետում»,- ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նշենք, որ դեռ 2022 թվականի օգոստոսի 1-ին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ դադարեցնում է Առաջին լրատվական ալիքի հեռարձակումը, որպեսզի ապահովի դատարանի վճիռը։
Հ2 հեռուստաալիքը ՀՌՀ–ին մեղադրում է օրենքները խախտելու մեջ
Հիշեցնենք` 2021 թվականի ապրիլի 4-ին Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու հայտեր էին ներկայացրել «Փաստինֆո» ՍՊԸ-ն, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն:
Հունիսի 4-ին ՀՌՀ-ն ընդունած որոշմամբ հաղթող էր ճանաչել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ին, որին տրամադրել էր Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:
«Հայկական երկրորդ հեռուստաալիքը» բողոքարկել էր ՀՌՀ-ի որոշումը Վարչական դատարանում` պահանջելով այն անվավեր ճանաչել
Հ2–ը շարունակում է պայքարը. հանրապետական սփռման համար նոր մրցույթ է հայտարարվել
Ս.թ. հունիսի 29-ին դատարանը բավարարել էր «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» հայցը և անվավեր ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թիվ 93-Ա որոշումը:
ՀՌՀ-ն և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը բողոքարկել էին Վարչական դատարանի որոշումը Վերաքննիչ և Վճռաբեկ ատյաններում։ Սակայն դատարանները մերժել են վարույթ ընդունել բողոքը։ Այդպիսով դատական գործընթացն ավարտվել է և վարչական դատարանի վճիռը` հօգուտ «Հ2»-ի մտել է ուժի մեջ։