Ֆրանսիայի խորհրդարանում բանաձև կընդունվի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար

Ֆրանսիացի պատգամավորները նշել են, որ բանաձևով դատապարտվում է ադրբեջանական ագրեսիան, ներկայացվում է գրավյալ տարածքները վերադարձնելու և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու պահանջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. «Վերածնունդ» խմբի նախաձեռնությամբ Ֆրանսիայի խորհրդարանում նախատեսվում է ընդունել բանաձև, որով որոշակի պատժամիջոցներ են նախատեսվում Ադրբեջանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել են Երևանում գտնվող ֆրանսիացի պատգամավորները, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Բանաձևով դատապարտվում է ադրբեջանական ագրեսիան, ներկայացվում է գրավյալ տարածքները վերադարձնելու և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու պահանջ»,– ասված է հաղորդագրությունում:
Ֆրանսիացի պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ներկայացուցիչների հետ։ Նշենք, որ բարեկամական խմբի անդամներ են Արթուր Հովհաննիսյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն Խաչատրյանը, Աղվան Վարդանյանը, Տարոն Մարգարյանը և Արմեն Չարչյանը:
«Հայաստան ենք եկել դժվար ժամանակահատվածում հայերի կողքին լինելու համար»,– ասել են ֆրանսիացի պատգամավորներն իրենց հայ գործընկերներին։
Հայ խորհրդարանականներն էլ իրենց հերթին կարևորել են վերոնշյալ բանաձևի ընդունումը: ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ առաջիկայում Ֆրանսիայի խորհրդարանում կձևավորվի Հայաստանի հետ բարեկամական խումբը:
ՀՀ ԱԺ պատգամավորներ
Քննարկվել են տնտեսական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը, համատեղ ծրագրերի և երկարաժամկետ կայուն ներդրումների իրականացմանն առնչվող հարցեր:
Նշվել է, որ Հայաստանը բարելավում է տնտեսական ու մրցակցային միջավայրը՝ նոր ներդրումներ ներգրավելու համար: Տնտեսության զարգացման տեսանկյունից կարևորվել են տարածաշրջանային կայունությունը, սահմանների անխախտելիությունը:
Հիշեցնենք` Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
ՀՀ դեսպանը Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի հանցագործությունները