Ավտոմեքենայի վարորդը մեքենայով կանգնել է ուղիղ գնացքի գծերի վրա. ՀԿԵ

Երկաթգիծ
Գնացքի ցածր արագությունն ու վթարային արգելակումը մեղմել են հարվածի ուժը, ինչը թույլ տվել փրկել մեքենայի վարորդի կյանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հարավկովկասյան երկաթուղու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը որոշ մանրամասներ է հայտնել հոկտեմբերի 27-ի երեկոյան տեղի ունեցած գնացի ու մարդատար ավտոմեքենայի բախման դեպքից։
ՀԿԵ–ն հայտնում է, որ գնացքի ու ավտոմեքենայի բախումը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Քաղսի գյուղի երկաթուղային ինքնակարգավորվող անցումի տարածքում։
«Ըստ լոկոմոտիվի անձնակազմի՝ մեքենայի վարորդը արձագանքել է շոգեքարշի նախազգուշական շչակներին՝ հնչեցնելով իր սեփական շչակները, անցնելուց առաջ անտեսել է ճանապարհային նշանները, մեքենայով մտել է անցում և կանգնել ուղիղ երկաթուղու գծերի վրա։ Ուղևորը բախումից առաջ հասցրել է լքել մեքենան։ Լոկոմոտիվային բրիգադի կողմից կիրառված գնացքի վթարային արգելակումը թույլ չի տվել խուսափել բախումից, քանի որ մինչև վագոն հեռավորությունը եղել է մոտ 50 մետր»,– հայտնում են ՀԿԵ–ից։
Սակայն գնացքի ցածր արագությունը` մոտ 30 կմ/ժ և վթարային արգելակումը մեղմել են հարվածի ուժը, ինչը թույլ տվել փրկել մեքենայի վարորդի կյանքը։ Իսկ ավտոմեքենայի ուղևորը հասցրել է մինչ գնացքի հետ բախվելը դուրս գալ ավտոմեքենայից, ինչի շնորհիվ խուսափել է վնասվածքներից։
Հիշեցնենք` հոկտեմբերի 27-ին, ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում բեռնատար գնացքը բախվել էր BMW մակնիշի ավտոմեքենային։ Մարդատար ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել էր Հրազդանի բժշկական կենտրոն։