Արցախի ինքնորոշման իրավունքը սահմանափակող ցանկացած տարբերակ անընդունելի է. Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը. Արխիվային լուսանկար
Պատգամավորի խոսքով` Հայաստանը ստեղծված իրավիճակից հանելու, նոր կապիտուլյացիան կանխելու միակ ճանապարհը համահայկական ու համաժողովրդական ընդվզման նոր ալիք բարձրացնելն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը վստահ է` Հայաստանի համար պետք է անընդունելի լինի Արցախի ինքնորոշման իրավունքը սահմանափակող ցանկացած որոշում։ Այս մասին Սաղաթելյանն ասաց «Լազարյան ակումբի» նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում` մեկնաբանելով «Վալդայ» միջազգային ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ Վաշինգտոնի տարբերակը ենթադրում է Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչում Ադրբեջանի կազմում, և ՌԴ–ն կաջակցի հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։
«Այս ընթացքում մենք բազմաթիվ անգամ ասել ենք` ցանկացած փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը` մենք պատռելու ենք ու ամեն կերպ պայքարենք դրա դեմ։ Դա լինի ամերիկյան, ռուսական, չինական, հնդկական, թե արևմտյան` կապ չունի։ Որևէ տարբերակ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը` պայքարելու ենք դրա դեմ»,–ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանը չունի իրավունք ու մանդատ` միայնակ որոշելու 5000-ամյա ժողովրդի ճակատագիրը։ Այստեղ միայն Արցախի հարցը չէ, Հայաստանի, հայկական պետականության գոյության հարցն է։ «Այն, ինչ նա անում է մեր երկրի, ժողովրդի գլխին` տանելու է կործանման, ինչը պետք է կասեցնել»,–նշեց Սաղաթելյանը։
Սաղաթելյանը նաև ընդգծեց` երկիրը ստեղծված իրավիճակից հանելու, նոր կապիտուլյացիան կանխելու միակ ճանապարհը համահայկական ու համաժողովրդական ընդվզման նոր ալիք բարձրացնելն է։