Շոլցն անընդունելի է համարում Հունաստանի նկատմամբ Թուրքիայի տարածքային նկրտումները

Գերմանիայի կանցլերը նշել է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունները կարևոր են ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ Եվրոպայի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Աթենք կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Հունաստանի նկատմամբ Թուրքիայի տարածքային պահանջներն ու սպառնալիքներն անընդունելի են։ Նա կոչ է արել երկխոսության միջոցով լուծել խնդիրները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Անընդունելի է, որ ՆԱՏՕ-ի մի գործընկեր մարտահրավեր նետի մյուսի ինքնիշխանությանը։ Դա վերաբերում է նաև քիչ թե շատ քողարկված ռազմական սպառնալիքներին», - ասել է Շոլցը հունական «Та Неа» թերթին տված հարցազրույցում։
Հարցին, թե արդյո՞ք Հունաստանը կարող է այս հարցում հույս դնել Գերմանիայի աջակցության վրա, Օլաֆը պատասխանել է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունները կարևոր են ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ Եվրոպայի համար:
«Գերմանիայի դաշնային կառավարությունը կարծում է, որ երկու երկրների միջև հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով և միջազգային իրավունքի հիման վրա։ Մեր ընդհանուր նպատակը, մեր տեսլականը պետք է լինի Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանի ողջ տնտեսական ներուժի օգտագործումը։ Ի շահ բոլոր երկրների: Այնքանով, որքանով մասնակիցները դա օգտակար կհամարեն, Գերմանիան կարող է իր ներդրումն ունենալ դրանում», - ասել է նա։
Թուրքիան մեղադրում է Հունաստանին այն բանում, որ այն, Լոզանի պայմանագիրը խախտելով, զենք է տեղադրում Էգեյան կղզիներում, որոնք ապառազմականացված կարգավիճակ ունեն։
Բացի այդ, երկրները չեն կարող համաձայնեցնել ծովային գոտիների սահմանազատման հարցը և մի շարք այլ խնդիրներ լուծել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները կտրուկ սրվեցին օգոստոսի 23-ից հետո։ Ըստ Անկարայի հաղորդման` երբ թուրքական F-16–ները Էգեյան ծովի օդային տարածքում կատարում էին ՆԱՏՕ–ի առաջադրանքներ, կործանիչները «որսացել» են Կրետե կղզում տեղակայված հունական ՌՕՈւ–ի Ս-300 ԶՀՀ–ի ռադարները։ Թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր են ՆԱՏՕ–ի մակարդակով բարձրացնել Հունաստանի կողմից իրենց ռազմական ինքնաթիռների հետապնդման հարցը։ց