ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Իրաքի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի ուղեկցությամբ հանդիպել է Իրաքյան Քրդստանի խորհրդարանի խոսնակ Ռեվազ Ֆաիքի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է պատգամավորը։
«Զրույցի ընթացքում տիկին Ֆաիքին ներկայացրել եմ այցիս հիմնական նպատակները, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայ կարիքավոր ընտանիքներին և Շեյխանի ճամբարի եզդի փախստականներին հումանիտար օգնության տրամադրումը։ Քննարկել ենք ԻՔ խորհրդարանում ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայության հարցը: Այս համատեքստում կարևորել եմ եզդի ժողովրդին ԻՔ խորհրդարանում առանձին քվոտայի տրամադրումը՝ հաշվի առնելով շուրջ 500.000 եզդիների առկայությունը ԻՔ-ում»,- գրել է Բաքոյանը։
Պատգամավորը նաև բարձրացրել է ՀՀ համալսարանների դիպլոմների ԻՔ ճանաչման հետ կապված հարցը, ինչի կապակցությամբ խոսնակ Ռեվազ Ֆաիքը խոստացել է իր լիազորությունների շրջանակներում հետամուտ լինել այդ խնդրի լուծմանը: