«Պաշտպան հայրենյաց». ժամկետային ծառայությունը բանակում կարող է փոխվել պայմանագրայինի

Սուրեն Պապիկյան. Արխիվային լուսանկար
Պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում զինծառայողն ուղարկվելու է պարտադիր ծառայության` լրացնելու ժամկետայինի կիսատ թողած մասը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. 2023թ–ից ՀՀ Զինված ուժերում կներդրվի «Պաշտպան հայրենյաց» նոր ծրագիր։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` ներկայացնելով նոր ծրագրի էությունը։
Սահման` ճակատի փոխարեն, անցում պայմանագրային ծառայության. իրատեսակա՞ն են Փաշինյանի ծրագրերը
«Ծրագիրը նախատեսում է շարքային զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն` ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի»,– ասաց Պապիկյանը։
Ծառայությունն ավարտելուց կամ առողջության հիմքով դրանից վաղաժամկետ ազատվելու դեպքում զինծառայողները կստանան պատվովճար 5 մլն դրամի չափով։
Ցանկացողները իրավունք կստանան ատեստավորում անցնելու հնարավորություն` հավելավճարի բարձրացմամբ։

«Պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում ծառայության ժամկետը չի հաշվարկվելու որպես ժամկետային զինծառայություն, ու զինծառայողն ուղարկվելու է պարտադիր զինծառայության` լրացնելու ժամկետային զինծառայության չծառայած մասը»,– ասաց պաշտպանության նախարարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի քննարկման ժամանակ ընդգծեց, որ սա հերթական քայլն է պրոֆեսիոնալ բանակի ձևավորման ճանապարհին։
Ծրագիրն ԱԺ–ում հաստատվելուց հետո կներառվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Դրա ընդունումը կառավարությունը համարել է անհետաձգելի, ինչը ենթադրում է, որ 2023թ–ից այն արդեն կմտնի ուժի մեջ։ Եվս 3 ամիս է սահմանված ենթաօրենսդրական ակտերի համապատասխանեցման համար։