Մեր նպատակը աշխարհն ավելի ապահով դարձնելն է․ Հայաստանում է Ինտերպոլի գլխավոր քարտուղարը

Վահե Ղազարյանը Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Ինտերպոլի նպատակն աշխարհն ավելի ապահով դարձնելն է։ Այս մասին ասել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքը, որը ՀՀ ոստիկանության պետի հրավերով հոկտեմբերի 27-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ու Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքը
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի դերակատարումն ու ներդրումը միջազգային հանցավորության դեմ պայքարի գործում։
«Առավել ակտիվ համագործակցություն է իրականացվում հանցավորության այնպիսի ոլորտների դեմ պայքարում, ինչպիսիք են կիբեռհանցավորությունն ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող ֆինանսական բնույթի հանցագործությունները, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, կազմակերպված հանցավորությունը և այլն»,-ասել է ՀՀ ոստիկանապետը։
Ինտերպոլի գլխավոր քարտուղարը խոսել է հանցավորության նոր տեսակների մասին, քննարկվել են դրանց դեմ պայքարին վերաբերող հարցեր։
Նշենք, որ այս տարի լրանում է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ստեղծման 30-ամյակը։
Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքը ՀՀ ոստիկանությունում
Վահե Ղազարյանը Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքին պարգևատրում է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով