Մեր անդամակցությունից կշահի ԵՄ-ն․ ՀՀ-ն դարձել է Եվրոպական միգրացիոն ցանցին դիտորդ անդամ

Արմեն Ղազարյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
ՀՀ Միգրացիոն ծառայության պետի խոսքով՝ Հայաստանի կառավարության համար միգրացիոն հարցերով սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ առաջնահերթություն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Եվրոպական միգրացիոն ցանցի (EMN/ԵՄՑ) ղեկավար կազմի 34-րդ նիստի շրջանակում Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ստորագրել է Եվրոպական միգրացիոն ցանցին դիտորդի կարգավիճակով միանալու վերաբերյալ փաստաթուղթ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Միգրացիոն ծառայության պաշտոնական էջից։
Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրեն Մոնիկ Պարիան նշել է, որ Եվրոպական միգրացիոն ցանցի դիտորդ երկրների ցանկի ընդլայնումը ուրախալի է, քանի որ նոր միգրացիոն իրադրության պայմաններում հնարավոր է դառնում միգրացիայի արդյունավետ կառավարմանն ուղղված մոտեցումների որդեգրումը։
«ԵՄՑ մանդատը ծածկում է միգրացիայի կառավարման ոլորտի բոլոր կողմերը։ Այս ոլորտում բարեհաջող համագործակցությունը կբարձրացնի ապագա միգրացիոն հոսքերի կառավարման արդյունավետությունը»,- նշել է նա։
ՀՀ միգրացիոն ծառայության պետ Ղազարյանն ասել է, որ Հայաստանի կառավարության համար միգրացիոն հարցերով սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ առաջնահերթություն է։
«Նշված փորձառության և դրա դրական ազդեցության հիման վրա Հայաստանը փորձում է լրացուցիչ ուղիներ գտնել ԵՄ-ի հետ հարաբերությունների և համագործակցության բարելավման համար։ Այս համատեքստում կարևոր է համագործակցությունը Եվրոպական միգրացիոն ցանցի հետ»,- նշել է նա։
ՀՀ միգրացիոն ծառայության պետն ընդգծել է, որ ՀՀ-ի անդամակցությունից կշահի ոչ միայն Հայաստանը, այլև ԵՄ-ն. ոչ ԵՄ անդամ երկրի տրամադրած լրացուցիչ տվյալները կարող են նպաստել միգրացիայի և ապաստանի մարտահրավերներն ավելի լավ հասկանալուն, հատկապես ԵՄ-ի արևելյան հարևանության տարածաշրջանի վերաբերյալ։