ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Արևմուտքի խոստովանությունն այն մասին, թե Ուկրաինայում հեղաշրջումն իրենք են ֆինանսավորել, ինչպես նաև խոստովանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստեղծողներից մեկի սպանության աջակցումը:
«Ահա իրանցի գեներալին` Սոլեյմանիին սպանեցին։ Սոլեյմանին կարելի էր ամեն կերպ վերաբերվել, բայց դա այլ պետության պաշտոնական դեմքն է։ Սպանել են երրորդ երկրի տարածքում և ասել, թե այո, մենք ենք սպանել։ Ի՞նչ է սա ընդհանրապես, որտե՞ղ ենք մենք ապրում»,–ասել է Պուտինը «Վալդայ» ակումբի լիագումար նիստի ժամանակ։
ՌԴ ղեկավարը չի զսպել զգացմունքները՝ մեկնաբանելով փաստը, որ հավաքական Արևմուտքի երկրները ճանաչել են Ուկրաինայում պետական հեղաշրջման ֆինանսավորման փաստը։
«Տնտեսական և առևտրային պատերազմներ, բոյկոտներ, պատժամիջոցներ, գունավոր հեղափոխություններ՝ պատրաստում և իրականացնում են տարբեր տեսակի հեղաշրջումներ։ Նրանցից մեկն իր ողբերգական հետևանքներով 2014 թ.-ին Ուկրաինայում էր։ Աջակցեցին, նույնիսկ ասացին, թե որքան գումար են ծախսել հեղաշրջման համար։ Լրիվ լկտիացել են, ոչնչից չեն ամաչում»,–հայտարարել է Պուտինը։
Նշենք, որ հոկտեմբերի 24-27-ը Մոսկվայում տեղի է ունենում «Վալդայ» ակումբի նիստը: Նիստի թեման է՝ «Խաղաղություն հեգեմոնիայից հետո. արդարություն և անվտանգություն բոլորի համար»։ Միջոցառմանը մասնակցում են փորձագետներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ և տնտեսագետներ 41 երկրներից։