Լևոն Քոչարյանը նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանից պահանջում է ներողություն խնդրել

Լևոն Քոչարյան
Դատական նիստերից խուսափելու համար նա առաջարկում և պահանջում է, որ Բաբաջանյանը հերքի իր տարածած տեղեկատվությունը և ներողություն խնդրի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքն ԱՄՆ-ում որևէ տուն, բնակարան, անշարժ գույք չունի և երբեք չեն ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Տեսա, որ հերթական անգամ մեր մասին սուտ և կեղծիք է գրել ծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու համար դատված Արման Բաբաջանյանը, մեջբերում.
«ԱՄՆ պատկան մարմինների խնդրանքով ինձ հետ հանդիպման ժամանակ պարզ դարձավ օրինակ, որ Գլենդելի ամենաբանուկ և ամենաթանկ «Ամերիկանա» կոչվող կենտրոնում հայաստանցի նախկին պաշտոնյաները՝ այդ թվում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, մի քանի միլիոն դոլարի հասնող բնակարանների սեփականատերեր են, որոնց մեծ մասը տրված է վարձակալությամբ»։
Մի քանի անգամ սա հերքել ենք, հիմա էլ հատուկ դասալիքի համար եմ կրկնում, ԱՄՆ-ում որևէ տուն, բնակարան, անշարժ գույք չունենք և երբեք էլ չենք ունեցել, ոչ ես, ոչ կինս, ոչ որևէ ուրիշ մեկը մեր ընտանիքից կամ թեկուզ միջնորդավորված ինչ-որ մեկը:
1-2 տարի տևող դատական նիստերից խուսափելու համար, առաջարկում և պահանջում եմ, որ սույն պարոնը հերքի իր տարածած ստահոդ տեղեկատվությունը և ներողություն խնդրի»,-մասնավորապես նշված է գրառման մեջ: