Կարևորում ենք Բրիտանիայի հետ համագործակցության խորացումը. Փաշինյանը շնորհավորել է Սունակին

Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
Փաշինյանը հույս է հայտնել, որ Սունակի կառավարման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները նոր խթան և որակ կստանան՝ ի շահ երկու երկրների բարգավաճման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը՝ հիմնված ընդհանուր արժեհամակարգի և գործնական շահերի վրա: Ռիշի Սունակին` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնները ստանձնելու առիթով իր ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։
«Չնայած անվտանգային լուրջ մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է անշեղորեն իրականացնել ժողովրդավարական բարեփոխումները, և այս համատեքստում բարձր ենք գնահատում Միացյալ Թագավորության կառավարության աջակցությունը։ Լիահույս եմ, որ Ձեր կառավարման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները նոր խթան և որակ կստանան՝ ի շահ մեր երկրների բարգավաճման և մեր բարեկամ ժողովուրդների բարօրության»,–ասված է Փաշինյանի ուղերձում։
ՀՀ վարչապետը նոր հաջողություններ և ձեռքբերումներ է մաղթել Սունակին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Ռիշի Սունակն ընտրվել էր Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավար և զբաղեցրել երկրի վարչապետի պաշտոնը։
Սունակը Բրիտանիայի այս տարի ընտրված արդեն երկրորդ վարչապետն է։ Հուլիսին վարչապետի պաշտոնը թողնելու մասին հայտարարեց Բորիս Ջոնսոնը։ Սեպտեմբերին նրան փոխարինելու եկած Լիզ Թրասը վարչապետի աթոռը զբաղեցրեց ընդամենը 44 օր։