ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի քրեական գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։
Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազությունը` ներկայացնելով մինչև այժմ կատարված քննչական և դատավարական գործողությունները։
Մասնավորապես նշվում է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից կատարված ահաբեկչության հնարավոր այլ մասնակիցներին հայտնաբերելու, գործին հնարավոր առնչություն ունեցած պաշտոնատար անձանց, օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչված անձանց պարզելու նպատակով հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում` Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Անահիտ Բախշյանը, Աշոտ Գասպարյանը, Հրաչյա Սարգսյանը, Կարեն Խաչատուրյանը, Գագիկ Հարությունյանը, Տարոն Սահակյանը, Ժորա Սարգսյանը և այլոք:
Քրեական գործի շրջանակներում առգրավվել են պատժի կրման ընթացքում ՔԿՀ–ներում մահացած խմբի անդամներ Էդուարդ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի և Համլետ Ստեփանյանի անձնական գործերը՝ նրանց մահվան պատճառների վերաբերյալ քննության ընթացքում մի շարք հարցեր պարզաբանելու համար:
Ոստիկանության և այլ պետական մարմիններից առգրավվել են նաև դեպքին վերաբերող գործերը, որոնք դեռ գտնվում են ուսումնասիրության փուլում:
Առգրավված տեսագրություններով և ձայնագրություններով նշանակվել են տեսաձայնագրային փորձաքննություններ, որոնք գտնվում են կատարման փուլում:
Գործի շրջանակներում պարզվել են նաև դատապարտյալներին տեսակցած անձանց տվյալները: Ստացված փաստաթղթերի և սկավառակները զննվել են, դիմում ներկայացված անձինք` հարցաքննվել։
Դատախազությունը հայտնում է, որ դատավարական գործողությունների արդյունքում առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ, դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան:
Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։
2019թ–ին«Հոկտեմբերի 27–»-ի գործը վերաբացվեց։