ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Խաղաղության պայմանագիրը, իհարկե, անհրաժեշտ է: Եվ Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորմանը և սահմանային հարցի լուծմանը։ Այս մասին Վալդայ ակումբի լիագումար նիստի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հարցը` որ տարբերակն ընտրել, Հայաստանի և հայ ժողովրդի, Հայաստանի ղեկավարության գործն է։ Ամեն դեպքում` ինչ տարբերակ էլ լինի, որը կհանգեցնի խաղաղության, մենք դրան կողմ ենք միայն, բայց մենք չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել»,-ասել ՌԴ ղեկավարը։
Հայաստանին առաջարկվող Վաշինգտոնի տարբերակը, Պուտինի կարծիքով, ենթադրում է Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչում Ադրբեջանի կազմում։
«Եթե Հայաստանն այդպես է կարծում, խնդրեմ։ Մենք աջակցում ենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Եթե Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները և դրանք պետք է քննարկել, ապա դա նույնպես հնարավոր է, բայց պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ, որպեսզի ընդունելի լինեն նաև մյուս կողմի համար։ Դա բարդ և ծանր հարց է, բայց Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է»,-ասել է նա։
ՌԴ նախագահը նշել է, որ հաշվի առնելով նաև Ադրբեջանի շահերը, առաջնորդվելու են նրանով, թե ինչ կառաջարկի հենց Հայաստանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Քառակողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: