ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. 1999թ–ի Հոկտեմբերի 27–ի ահաբեկչությունը հարձակում էր Հայաստանի, նրա ինքնիշխանության ու անկախության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ։ Կառավարության այսօրվա նիստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց այս խոսքերով և օրվա մանրամասները հիշելով։
Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 23-րդ տարելիցը:
Մինչև նիստի օրակարգին անցնելը կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը։
Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։
2019թ–ին` «թավշյա հեղափոխությունից» հետո, «Հոկտեմբերի 27–»ի գործը վերաբացվեց։