2023 թվականից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան բոլոր մայրերը

Նորածին երեխա
Նոր օրենքը կտարածվի 2023 թվականի հունվարի 1-ից ծնված երեխաների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը բարելավելու համար 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան ոչ միայն գյուղաբնակ, այլև քաղաքաբնակ աշխատող մայրերը։
Տեղեկությունը լրագրողների հետ հրավիրված ասուլիսում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը և ընդգծեց, որ Ազգային ժողովն արդեն իսկ ընդունել է համապատասխան օրենքի նախագիծը։
Ինչպես այժմ, այնպես էլ օրենսդրական փոփոխությունից հետո նպաստը կտրամադրվի մինչև երեխայի 2 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ։ Կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով ՝ բանկերի միջոցով ։
Բացառությունը գործում է միայն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող մայրերի համար, որոնք գումարը կարող են ստանալ նաև կանխիկ եղանակով ։
«Երեխայի նպաստը նշանակվում է երեխայի ծննդյան 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Մինչև երեխայի 1 տարին լրանալը ծնողը կարող է դիմել երեխայի խնամքի նպաստի համար և նրան հետադարձով կվճարեն նախորդ ամիսների համար։ Եթե ընտանիքում ծնվում են 1-ից ավելի երեխաներ, խնամքի նպաստը վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար առանձին»,-ասաց Գալստյանը։
Նրա խոսքով՝ այսօր, եթե վարձու աշխատող ծնողը չի գտնվում երեխայի խնամքի արձակուրդում, նա խնամքի նպաստ չի ստանում։ 2023 թվականից, եթե ծնողը կգնա աշխատանքի մինչև երեխայի 2 տարեկան դառնալը, միևնույն է, պետությունը նրան խնամքի նպաստ կվճարի ։
«Նոր փոփոխությամբ մենք խթանում ենք ծնողին վերադառնալ աշխատանքի։ Քանի որ եթե ծնողը մինչև երեխայի 2 տարին լրանալը վերադառնա իր աշխատանքին, երեխայի խնամքի նպաստը մի փոքր կբարձրանա»,-ասաց նա։
Դավիթն ու Նարեն կրկին առաջին տեղում են. որոնք են ՀՀ-ում նորածինների ամենահայտնի անունները
Նշենք, որ այսօր երեխայի խնամքի նպաստը կազմում է 28,600 դրամ։
2023 թվականից ծնված երեխաների համար չաշխատող ծնողը կամ խնամքի արձակուրդում գտնվող ծնողը կստանա 31,600 դրամ, իսկ աշխատող և խնամքի արձակուրդում չգտնվող ծնողը կստանա 37․500 դրամ։
Կանխատեսումների համաձայն, 2023 թվականին շուրջ 36,000 երեխա կծնվի։ Բյուջեով նախատեսվել է շուրջ 20 մլդ դրամ հատկացնել օրենքի նախագիծը կյանքի կոչելու համար։