10 000 նոր աշխատատեղ` 3 ամսում. Փաշինյանը ներկայացրեց նոր ռեկորդը

Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
Միջին աշխատավարձն 2022թ-ի սեպտեմբերի դրությամբ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ ավելացել է 35 769 դրամով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերին Հայաստանում 10 037 նոր աշխատատեղ է գրանցվել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ սա նոր ռեկորդ է ՀՀ աշխատանքային վիճակագրության մեջ։
«2022թ-ի սեպտեմբերին ունեցել ենք 691 087 աշխատատեղ, որը մեր նախորդ ռեկորդից ավել է 10 000–ով։ Իսկ նախորդ ռեկորդը գրանցվել էր 2022թ-ի հունիսին` 681 050 աշխատատեղ»,– ասաց Փաշինյանը։
Աշխատավարձերը Հայաստանում 2021թ-ի սեպտեմբերի համեմատ ավելացել են 33 մլրդ 430 մլն դրամով կամ 23.5 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում հավաքագրված եկամտային հարկի ցուցանիշն ավելացել է 5 մլրդ 351 մլն դրամով կամ 17.6 տոկոսով։
Այս փոփոխությունների արդյունքում ՀՀ միջին աշխատավարձն 2022թ-ի սեպտեմբերի դրությամբ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ ավելացել է 35 769 դրամով։
Նշենք, որ 2022 թվականի ընթացքում Հայաստան է այցելել 1 միլիոն 240 հազար արտասահմանցի, որոնց գրեթե կեսը` 49 տոկոսը, Ռուսաստանից ժամանակավոր տեղափոխվածներն են։
Հայտնի է, որ Ուկրաինական ճգնաժամի ու Արևմտյան պատժամիջոցների հետևանքով ՌԴ շատ քաղաքացիներ իրենց բիզնեսը տեղափոխել են Հայաստան, այդ թվում` գրանցվելով ՀՀ աշխատաշուկայում ու բանկային համակարգում։