ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Տարեվերջին կառավարությունն ակնկալում է ՀՆԱ–ի աճ, որը մոտ է տնտեսական ակտիվության վերջին ցուցանիշին (հունվար–սեպտեմբեր ամիսներին` 14,1 տոկոս)։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նա շեշտեց, որ տարվա ընթացքում տնտեսական իրավիճակը մի քանի անգամ փոփոխվել է, ինչն անդրադարձել է նաև պետական պարտքի վերաբերյալ կանխատեսումների վրա։ Մասնավորապես, 2021 թվականի արդյունքներով կառավարության պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ կազմել է 60,3 %, և 2022-ի վերջին կառավարությունը սահմանել է նպատակային ցուցանիշ՝ 60,2 տոկոս։ Հաշվի առնելով տնտեսական բարդ իրավիճակը՝ միջնաժամկետ հեռանկարում պարտքը ցանկանում էին կրճատել։
Նրա խոսքով` տարվա ընթացքում սկսել է արագ աճել տնտեսական ակտիվությունը (հիմնականում Ռուսաստանի, ինչպես նաև Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիների մեծ հոսքի արդյունքում– խմբ.)։ Նման պայմաններում կառավարությունը նվազեցրել է պետական պարտքի կանխատեսվող մակարդակը առավելագույնը մինչև 60 %։
Հայկական դրամի ամրապնդման հետ մեկտեղ ավելի հեշտացել է արտարժույթով արտահայտված պարտքերի վճարումը, իսկ պարտքի ընդհանուր զամբյուղում դրանք տարեսկզբին կազմում էին մոտ 70 %։ Այժմ դրանց տեսակարար կշիռն արդեն 63 %–ից պակաս է։ Արդյունքում, ըստ ֆինանսների նախարարության սպասումների, մինչև տարեվերջ այն կնվազի մինչև մոտ 50 %։
Այնուամենայնիվ, հնարավոր տնտեսական ռիսկերին ավելի լավ պատրաստ լինելու համար ֆինանսների նախարարությունը պատրաստել է «Բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որտեղ առաջարկել է բյուջետային կայունացման ֆոնդի համալրման և կառավարման կարգը: Օրինագիծն արդեն հավանության է արժանացել կառավարությունում և շուտով կներկայացվի խորհրդարան։
«Մենք տարբեր սցենարներ ենք մշակում, կախված այն բանից, թե որքան կտևի դրամի արժևորումը։ Արտահաստիքային իրավիճակներ դեռ չեն սպասվում, բայց այդ դեպքի համար մենք պետք է համապատասխան դրամական միջոցներ ունենանք»,– ասաց Խաչատրյանը։
Կայունացման հաշիվը Հայաստանում բացվել է 2009 թվականին։ Այնտեղ փոխանցվել են հակաճգնաժամային վարկի 500 մլն դոլարի չափով միջոցները, որը ստացվել է Ռուսաստանի կառավարությունից, բայց այն ժամանակ օրենսդրական մակարդակում չեն սահմանվել դրա ծախսման նպատակներն ու դրա չափը։
Օրենքում առաջարկվող լրացումների համաձայն՝ այդ հաշվի միջին մնացորդը պետք է կազմի տվյալ տարվա կանխատեսվող ՀՆԱ-ի 1%–ից 2%–ը (հիմք է ընդունվում պետբյուջեում նշված կանխատեսումը)։