ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակին շնորհավորական հեռագիր չի հղել, քանի որ այդ երկիրը ոչ բարեկամական երկրների ցանկում է։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հոկտեմբերի 24-ին Ռիշի Սունակն ընտրվել էր Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավար և զբաղեցրել երկրի վարչապետի պաշտոնը։ Կառլ III թագավորը նոր վարչապետին հանձնարարել էր նոր կառավարություն ձևավորել։
«Ո՛չ։ Դուք գիտեք, որ Մեծ Բրիտանիան այժմ ոչ բարեկամական երկրների շարքում է։ Այդ պատճառով, ո՛չ, հեռագիր չի ուղարկվել», – ասել է Պեսկովը։
Սունակը Բրիտանիայի այս տարի ընտրված արդեն երրորդ վարչապետն է։ Հուլիսին վարչապետի պաշտոնը թողնելու մասին հայտարարեց Բորիս Ջոնսոնը։ Սեպտեմբերին նրան փոխարինելու եկած Լիզ Թրասը վարչապետի աթոռը զբաղեցրեց ընդամենը 44 օր` մինչ իր հրաժարականի մասին հայտարարելը։