ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին երկարաձգել հացահատիկի գործարքը

Հացահատիկով նավը գնում է դեպի Ստամբուլ. Արխիվային լուսանկար
Հացահատիկի գործարքի գործողության ժամկետը լրանում է ընթացիկ տարվա նոյեմբերի 19-ին, սակայն դրա երկարաձգման հեռանկարները դեռ պարզ չեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին երկարաձգել հացահատիկի գործարքը։ Ռումինիայի վարչապետի հետ Բրյուսելում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Կոչ ենք անում Ռուսաստանին երկարաձգել ՄԱԿ-ի հացահատիկի գործարքը Թուրքիայի մասնակցությամբ, ապահովել սննդամթերքի անխափան մատակարարումները առավել կարիքավորներին»,–ասել Է Ստոլտենբերգը։
Հիշեցնենք` Ստամբուլում հուլիսի 22-ին երկու փոխկապակցված փաստաթուղթ է ստորագրվել համաշխարհային շուկաներ պարենի և պարարտանյութերի մատակարարման խնդիրների լուծման վերաբերյալ: Փաստաթղթերը միասնական փաթեթ են ներկայացնում։
Առաջինը` հուշագիրը, ենթադրում է ՄԱԿ-ի պարտավորությունները համաշխարհային շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման տարբեր սահմանափակումները հանելու վերաբերյալ։
Երկրորդը հստակեցնում է ուկրաինական հացահատիկի արտահանման մեխանիզմը սևծովյան նավահանգիստներից։ Սակայն, ինչպես նշում է Մոսկվան, ՌԴ-ից արտահանման մասով գործարքը դեռ չի աշխատում։