Միջազգային ահաբեկչական խմբավորումները փորձում են ներթափանցել ԱՊՀ երկրներ. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի նախագահի խոսքով` որոշ երկրներ ԱՊՀ տարածքում շանտաժի և ահաբեկման մարտավարություն են կիրառում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Միջազգային ահաբեկչական խմբավորումները փորձում են ներթափանցել ԱՊՀ երկրներ, համագործակցության տարածքում վտանգի մակարդակը չի նվազում։ Այս մասին ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի պատվիրակությունների ղեկավարների առջև ելույթ ունենալիս հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Համագործակցության տարածքում սպառնալիքների մասին խոսելիս` նշեմ, որ «Իսլամական պետության», «Ալ-Կաիդայի» (ՌԴ-ում արգելված ահաբեկչական խմբավորումներ –խմբ.) և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից սպառնացող վտանգի մակարդակը չի նվազում։ Դրանք փորձում են ներթափանցել ԱՊՀ, գաղտնի խմբավորումներ են ձևավորում, իսկ Աֆղանստանում, հատկապես Կենտրոնական Ասիայի երկրներում, զինյալների խմբերի կենտրոնացումը պոտենցիալ վտանգ է այդ տարածաշրջան ներխուժելու համար», – ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ որոշ երկրներ ԱՊՀ տարածքում շանտաժի և ահաբեկման մարտավարություն են կիրառում։
«Այսպես, օրինակ, չեն դադարում «գունավոր հեղափոխությունների» սցենարների իրագործման փորձերը, ակտիվորեն կիրառվում է ազգայնականության և ծայրահեղականության խաղաքարտը, զինված հակամարտություններ են հրահրվում, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում ԱՊՀ բոլոր մասնակիցների համար», – պարզաբանել է Պուտինը։
Նրա խոսքով` ԱՊՀ երկրներ դեռ երբեք ահաբեկչական նման սպառնալիքների չեն բախվել, ինչպես այսօր, և համագործակցություն պետությունների ընդհանուր խնդիրը բնակչության պաշտպանությունն է։
Պուտինը հավելել է, որ անհրաժեշտ է շարունակել զարգացնել ինտեգրացիոն փոխշահավետ այն գործընթացները, որոնք վերջին տասնամյակի ընթացքում դարձել են գործընկերային իրական հարաբերությունների օրինակ։